|
ՔԱՆԴՎԵՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՋԱՏՈՂ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՊԱՏԸ
Հունվարի 16-ին կյանքի կոչելով «Կրթությունն առանց սահմանների» կարգախոսը` Երևանի ճարտարապետության և շինարարության պետական և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանները քանդեցին երկու համալսարանները միմյանցից անջատող խորհրդանշական պատը, որը կառուցվել էր 1989թվականին, երբ ժամանակի հրամայականով երկու առանձին համալսարաններ ձևավորվեցին:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանի և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի որոշմամբ առանց կոմերցիոն պայմանների երկկողմ կշահագործվեն երկու բուհերի ուսումնալաբորատոր, սպորտային և այլ բազաները:
Այս քաղաքականությունը գործնականում ուսանողներին հնարավորություն կընձեռնի ոչ միայն լիարժեք օգտագործել երկու համալսարանների ուսումնագիտական, սպորտային դահլիճները, ընթերցասրահը, ճաշարանը, այլև կսերտացնի երկու բուհերի ուսանողադասախոսական կազմի հետ շփումը, որը կնպաստի երկկողմ գիտակրթական մտքի զարգացմանը:
Խորհրդանշական պատի քանդման հիմնական նպատակն է հաստատել երկու բուհերի միջև ավելի լայն համագործակցություն: Բոլոնյան գործընթացով հռչակած «Կրթությունն առանց սահմանների» կարգախոսը միտված է գործնականում մեծացնել համագործակցությունը բուհերի միջև:
Բուհական ընդհանուր կրթական մակարդակը էլ ավելի բարձրացնելու և զարգացման մի նոր մակարդակի հասցնելու անհրաժեշտությունից ելնելով` Հայաստանի պետական ճարտարագիտական և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանները կոչ են անում բոլոր բուհերին ավելի սերտ համագործակցության, ինչը բխում է բոլոնյան գործընթացի պահանջներից:
«Մենք ընդհանուր կրթական տարածք ենք ձևավորում, և մեր բուհերը իրարից առանձնանալու փոխարեն միավորվելու, համագործակցելու կարիք ունեն։ Պատերը պետք է քանդվեն, ջրբաժանները վերանան։ Մենք այն հասարակությունը չենք, որ լրացուցիչ պատեր կառուցենք»,- ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
|