ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է “ՈՍԿԵ ԲԱՆԱԼԻ” ՄՐՑԱՆԱԿՈՎ

Հուլիսի 15–24–ը Արգենտինայում անցկացվել է “20–րդ դար՝ գլոբալիզացիա” խորագրով միջազգային բիենալե, որտեղ ՀՀ ժողովրդական նկարիչ-քանդակագործ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր Լևոն Թոքմաջյանն արժանացել է “Ոսկե բանալի” մրցանակի: Միջազգային այս մրցույթին աշխարհի 50 երկրների քանդակագործներ են մասնակցել:

Լևոն Թոքմաջյանը բիենալեին մասնակցել է Կանադայում բնակվող իր որդու՝ Վահե Թոքմաջյանի հետ։ “Հայր և որդի ներկայացել ենք կողք–կողքի` ներկայացնելով երկու երկիր՝ որդիս` Կանադան, ես՝ Հայաստանը”,– պատմեց արվեստագետը: Նկարագրելով իր աշխատանքը` քանդակագործն ասաց. “Դա երկու ձիեր էին` այսինքն հզոր պետություններ, որոնք իրենց ուսերի վրա են կրում գլոբալիզացիայի ընթացքը”: Թոքմաջյան կրտսերն արժանացել է “Հասարակության համակրանքը” մրցանակին:

Լևոն Թոքմաջյանը տպավորված էր մրցույթից, որտեղ նրան նաև Չակո քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում են շնորհել։ Քանդակագործն էլ, որպես շնորհակալություն, երգել է իր պատվին կազմակերպված ճաշի ժամանակ, իսկ երբ Չակոյի քաղաքապետն առաջարկել է մնալ և աշխատել այնտեղ, քանդակագործն իր իմացած իսպաներեն միակ արտահայտությամբ մերժել է նրան՝ պոետիկ արտաբերմամբ “նո, գրացիաս”:

© Copyright Yerevan State University of Architechture and Construction    info@ysuac.am