| |
ԼՈՌՎԱ ՁՈՐՈՒՄ` ՊԱՐԶ ԵՎ ԽՈՍՈՒՆ ՎԵՐՆԱԳՐՈՎ
Փետրվարի 17-ին ՀՀ նկարիչների միությունում բացվեց Հրանտ Թադևոսյանի "Լոռվա ձորում" խորագրով կրող գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը նվիրված էր Մեծ լոռեցի Հովհաննես Թումանյանի 140-ամյակին:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և այլ պետական, հասարակական ու մշակույթի անվանի գործիչներ: Գեղանկարիչն իր ինքնատիպ` միայն Հրանտ Թադևոսյանին հատուկ գույներով և ներհայեցողությամբ ներկայացրեց Լոռվա բնաշխարհը: Նրա խոսքով` իր սերը Լոռվա բնաշխարհի հանդեպ հին պատմություն ունի, այն սկսվում է Թումանյանից, շարունակվում Հրանտ Մաթևոսյանով և հասնում մեր օրերը:
Թերևս նկարչի անընդգրկուն սիրո դրսևորումն է ցուցահանդեսի պարզ վերնագրումը` "Լոռվա Ձորում", երբ զգացողություններն առավել են, քան հնարավոր է արտահայտել: "Թումանյանական աշխարհը", Լոռվա ձորերն իրենց անկրկնելի գույներով ու երանգներով միշտ ձգտում են ինձ, ու եթե ես կարողանում եմ դրանց մի փոքր մասը փոխադրել իմ կտավների վրա, դա իմ սիրո և հարգանքի դրսևորումն է այդ բնաշխարհին, այնտեղ ապրող մարդկանց և, իհարկե, ցուցահանդեսի այցելուների նկատմամբ, որոնք թումանյանական աշխարհից մի մասնիկ կտանեն իրենց հետ՚,-իր խոսքում նշեց գեղանկարիչը:
Իսկ ցուցահանդեսից այցելուներն իսկապես հեռացան թումանյանական վեհ ու բոլորասեր աշխարհից մի մասնիկ իրենց հետ տանելով:
|