ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դեկտեմբերի 25-ին Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հանդիպումը Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը:

Նախարար Գևորգ Դանիելյանը ներկայացնելով դատաիրավական համակարգը, նշեց որ, լուրջ բարեփոխումներ են իրականացվել նախարարության բոլոր ծառայություններում, ինչի արդյունքում նկատելիորեն բարելավվել է քաղաքացիներին մատուցվող ծառայության որակը, նվազագույնի են հասցվել կոռուպցիոն ռիսկերը: Բավարար չհամարելով տարված աշխատանքները` նախարարը ընդգծեց, որ ծրագրավորված են առավել գործուն քայլեր, որոնց արդյունքները նկատելի կլինեն 2010թ.:

Ռեկտոր Հովհաննես Թաքմաջյանը իր հերթին նշեց, որ Համալսարանում չի հանդուրժվելու կոռուպցիան և այս ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկվում, ինչպես նաև հրապարակեց Համալսարանի գիտական խորհուրդի որոշումը ըստ որի` Գևորգ Դանիելյանին շնորհվեց Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Հանդիպման ավարտին նախարարը պատասխանեց ներկաների հարցերին, ինչպես նաև իր և արդարադատության նախարարության անունից շնորհավորեց բոլորին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ :

© Copyright Yerevan State University of Architechture and Construction    info@ysuac.am